Ամենաշատ ընթերցվողները

Monday, December 19, 2011

Հանդիպումներ Ամանորից առաջ. արվեստասերների նոր խումբը Չորաթանից և Վերին Կարմիրաղբյուրից

Ֆոտոնկարիչ Արա Բաբայան-Ռեյի  հանդիպումը Չորաթանի և Վերին Կարմիրաղբյուրի աշակերտների հետ տպավորիչ ավարտ ունեցավ. ֆոտոնկարչությամբ հետաքրքրված աշակերտներն անձամբ հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու փորձառու և տաղանդաշատ ֆոտոնկարչին, ստանալու նրանից մասնագիտական խորհուրդներ` ֆոտոնկարչության ընձեռած բազմաթիվ էֆեկտների և հնարավորությունների հետ կապված: Մշտապես ակտիվ հանդես եկող Չորաթանում Ռեյը բացահայտեց իր նոր համագործակցին` Շողերին, ով պակաս տարված չէ ժամանակակից ֆոտոնկարչությամբ, ունի բազմաթիվ ֆոտոնկարներ, որոնք հավակնություն ունեն հրապարակվելու նորաստեղծ բլոգի միջոցով:
Հայրենի Վերին Կարմիրաղբյուրում բոլորն էլ ճանաչում են Ռեյին` ոչ որպես միայն ֆոտոնկարչի, այլ նաև` թարգմանչի ու ոսկերչի: Միայն մեկ հանդիպումը այս կրթօջախներում բավարար չէր փոխանցելու կրտսեր արվեստասերներին այն բոլոր շնորհները, հարուստ փորձն ու ավանդույթները, որոնք շնորհված են Ռեյին:  Հանդիպման ավարտին ածակերտները լահույս էին, որ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն նաև նոր` 2012 տարվա ընթացքում:


Tuesday, December 13, 2011

Փայտամշակության արվեստն ամենափոքր համայնքում ամենատարածվածն է...

Չինչինը Բերդի տարածաշրջանի ամենափոքր համայնքն է, որն առանձնանում է իր գեղեցիկ անտառներով ու բնապատկերներով: Հետաքրիր է, որ այս կամ այլ պատճառներով դպրոցի տղաները հատկապես տարված են փայտամշակությամբ: Ինչպես նշում է գյուղի միակ դպրոցի տնօրեն տիկին Ջուլհակյանը, աշակերտները դեռ մանկուց սկսում են փորել, տաշել փայտը, և այս նախասիրությունը գալիս է թե անտառից, թե նրանց հայրերից: Դպրոցի տնօրենը փորձում է ընդառաջել իր աշակերտների ցանկությանը` ստեղծել փայտամշակման փոքր արհեստանոց և հավաքագրել խմբակի անդամներին, միայն թե այս գաղափարի համար ցանկությունը բավարար պայման չէ. դպրոցը մոտ 100 տարեկան է, բայց դեռ հիմնովին երբևէ չի վերանորոգվել, առայժմ ֆինանսական սուղ միջոցները բավականացնում են միայն տանիքի վերանորոգմանը:
Աշակերտները հետաքրքրությամբ են թերթում <<Արվեստագետը Տավուշից>> բլոգը, որին միացած է իրենց համագյուղացի արվեստագետներից մեկը ևս: Նրանք նոր գաղափար ունեն` համապատասխան գիտելիքներ ստանալուց հետո ստեղծել փայտամշակությանն առնչվող նոր բլոգ և համատեղել օգտակարն ու հաճելին: 

Tuesday, November 29, 2011

Հանդիպում կրտսեր արվեստասերների հետ համայնքներում

Ծրագրով նախատեսված վերջին միջոցառումների շարքը` հանդիպում համայնքների կրթօջախներում, բացահայտեց մեզ համար կրտսեր արվեստասերների մի խմբի:  

Ծաղկավան գյուղի դպրոցում է սովորում 12-ամյա Բագրատը, ում երևակայությունն անսպառ է` փայտի, քարի, ներկերի, ծեփամածիկի, կոների, տերևների համադրություն, որոնք ստեղծում են հետաքրքիր պատկերներ:


Friday, November 18, 2011

Հաջողակ հանդիպում. արվեստագետները ոգևորված են...

Հաջորդ հանդիպումը արվեստագետների հետ անցկացվեց <<Արևաբերդ>> կինոթատրոնի նախասրահում, արվեստաշունչ և ոգևորված միջավայրում: Ի տարբերություն  մեր անցկացրած նախորդ հանդիպումներին` ակնհայտ էր, որ այս անգամ արվեստագետներն առավել հետաքրքրված էին, ակտիվ և տրամադրված:  Ներկայացնելով ծրագրի կարևոր ձեռքբերումները` պարզեցինք, համընդհանուր հետաքրքրությունը թե բլոգի և թե ծրագրի հետ կապված աճել է հատկապես Բերդում անցկացված ցուցահանդեսից հետո: 


Ձեռքբերումները նշելիս չմոռացանք նաև խոչընդոտների,  կարիքների և թերացումների մասին, որոնք էին.                                                                                                                                     1. Ցուցահանդեսի տարածքի ոչ ռացիոնալ բաշխումը և գործերի ոչ ճիշտ տեղադրությունը, ինչը մասամբ կապված էր սրահի փոքր չափսերի հետ
2. հաշվեհամարների ստեղծման կարիքը անհատական բլոգներում, ինչը հնարավորություն կտա բլոգն ընթերցողներին ցանկության դեպքում այն կամ այն կերպով օգնել կարիքավոր արվեստագետներին` ձեռք բերելու նկարչական նյութեր և պարագաներ
3. մայրաքաղաքում անցկացվելիք ցուցահանդեսի  նախապատրաստական աշխատանքների կազմակերպում, համագործակիցների ընդլայնում

4. այցեքարտերի տպագրություն, ինչը ևս կօգնի արվեստագետին ներկայանալ, հետագայում կապ հաստատել պատվիրատուի հետ  Հանդիպմանը արվեստագետներին ներկայացվեց նաև այս ծրագրով նախատեսված վերջին գործողությունը` այցելությունների կազմակերպումը համայնքների կրթօջախներում, որը հնարավորություն կտա ներկայացնել ծրագիրը, նրա շարունակական ընթացքը և մեր տարածաշրջանի արվեստագետներին, նրանց ստեղծած գործերը: Որպես ամենակարևոր ձեռքբերում արվեստագետների կողմից նշվեց այն, որ վերջերս կարծես թե կենդանություն էին ստացել, ոգևորվել էին ու հիմա արդեն հավատում են, որ կարող են նոր գործեր ստեղծել, զարգացնել Աստծու կողմից իրենց տրված շնորհները... 
լուսանկարների հեղինակ` Արայիկ Բաբայան-Ռեյ


Wednesday, November 9, 2011

Կլոր սեղան արվեստագետների մասնակցությամբ

Հարգելի արվեստագետներ, <<Արվեստի լույսը. նոր հեռանկարներ>> ծրագրի աշխատակազմը սիրով տեղեկացնում է, որ նախատեսված կլոր սեղանն անցկացվելու է նոյեմբերի 16-ին, ժամը` 13:00-ին, <<Արևաբերդ>> կինոթատրոնում: Կլոր սեղանի անցկացման նպատակը ծրագրին մասնակից արվեստագետներին ևս մեկ անգամ համախմբելն է` քննարկելու ծրագրի  արդյունքները, ձեռքբերումները, նաև` արվեստագետների կողմից ներկայացվող առաջարկները, պայմանավորվածությունները` տարածաշրջանից դուրս ցուցահանդես անցկացնելու առիթով: 
Ակնկալում ենք ձեր մասնակցությունը և  արդյունավետ առաջարկների ներկայացումը մեր հաջորդ հանդիպմանը: 

Tuesday, October 25, 2011

ՕՆ-ԼԱՅՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

   Ցուցահանդեսի անցկացման երկրորդ օրը պարզ էին արդեն օն-լայն քվեարկության արդյունքները, որով առավելագույն ձայներ հավաքած 4 արվեստագետներ պարգևատրվեցին հետևյալ անվանակարգերում.
1. <<Լավագույն գեղանկար>> - Անուշ Մելիքյան 
2. <<Լավագույն ձեռքի աշխատանք>>- Ավետ Արզումանյան
3. <<Հայտնություն>> - Բերդի Արվեստի դպրոց
4. <<Լավագույն նորարարական աշխատանք>> - Արա Աբգարյան

Հետևյալ անվանակարգերում առավելագույն ձայներ հավաքած արվեստագետներն արժանացան դիպլոմների և դրամական պարգևի` նախատեսված <<Արվեստի լույսը. նոր հեռանկարներ>> ծրագրով:



             Ցուցահանդեսի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեին <<Կարծիքների գրանցամատյանում>> գրառումներ անելու, արտահայտելու իրենց կարծիքը, առաջարկները, մտահոգություններն ու դժգոհությունները: Պարզվեց, որ կային ավելի շատ մասնակիցներ, ովքեր նույնպես ցանկություն հայտնեցին մասնակցել հետագայում կազմակերպվելիք ցուցահանդեսին, քանի որ սկզբում վստահ չէին, թե այս ծրագիրը կարող է այսչափ ակտիվ ու օգտակար լինել:
      Ծրագրին մասնակցած արվեստագետների կարծիքով ցուցահանդեսը կարելի էր ավելի մեծամասշտաբ կազմակերպել` ներառելով  ավելի շատ գործեր, կազմակերպելով այն հայրենի քաղաքից դուրս:
       Արվեստագետները կարևորեցին ծրագրի արդյունքում ստեղծված իրենց անհատական բլոգների շարունակական կառավարումը, որը եզակի հնարավորություն է ստեղծում նրանում ներառելու հին և նոր գործեր, ներկայացնելու այն, ընդարձակելու համագործակցային և սպառողական դաշտը, այս ամենով հանդերձ` զարգացնել համակարգչային գիտելիքներն ու  օգտագործել դրանք` ի նպաստ  հոգևոր և սոցիալական պահանջների:














Saturday, October 22, 2011

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ԱԿՍՎԱԾ Է...



  Հոկտեմբերի 21-ի վաղ առավոտյան մեր արվեստագետները հավաքվեցին Բերդի Մշակույթի տան նախասրահում` տեղադրելու իրենց գործերը: Չնայած ցուցահանդեսի բացումը 13:00-ին էր նախատեսված, հետաքրքրված հասարակությունը մի փոքր ավելի շուտ սկսվեց հավաքվել նախասրահում:  Նախորդ օրվանից պարզ էին նաև օն-լայն քվեարկության արդյունքները, որով լավագույնն էին ճանաչվել 4 տարբեր անվանակարգերում առավելագույն ձայներ հավաքած արվեստագետները:  Բլոգը վերջին շաբաթում ռեկորդ գրանցեց իր այցելուների թվով. մինչ քվեարկությունը ընթերցողների թիվը մոտավոր կազմում էր 600, քվեարկության ու ցուցահանդեսի օրերին այդ թիվը հասավ մինչև 4.000-ի:
Ցուցահանդեսի առաջին օրն իսկ հնարավոր դարձավ վաճառել 2 գործ: Ցուցահանդեսի բացմանը ծրագրի աշխատակազմի կողմից ներկայացվեց բլոգը, որը եզակի հնարավորություն էր տալիս արվեստագետներին` ներկայանալու ամբողջ աշխարհին, Բերդի սահմաններից դուրս վաճառելու իրենց գործերը: Բացման արարողության ժամանակ բոլոր այն արվեստագետները, ովքեր մասնակցել էին բլոգի կառավարման դասընթացներին, ստացան հավաստագրեր:  Ցուցահանդեսը շարունակվեց մինչ 17:00:  Ահա այսպես ընթացավ ցուցահանդեսի առաջին օրը:  Ցուցահանդեսին իրենց գործերով ներկայացան ընդհանուր առմամբ 13 արվեստագետ, Բերդի Արվեստի դպրոցն ու Բերդի կանանց ռեսուրս կենտրոնը: