Ամենաշատ ընթերցվողները

Monday, December 19, 2011

Հանդիպումներ Ամանորից առաջ. արվեստասերների նոր խումբը Չորաթանից և Վերին Կարմիրաղբյուրից

Ֆոտոնկարիչ Արա Բաբայան-Ռեյի  հանդիպումը Չորաթանի և Վերին Կարմիրաղբյուրի աշակերտների հետ տպավորիչ ավարտ ունեցավ. ֆոտոնկարչությամբ հետաքրքրված աշակերտներն անձամբ հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու փորձառու և տաղանդաշատ ֆոտոնկարչին, ստանալու նրանից մասնագիտական խորհուրդներ` ֆոտոնկարչության ընձեռած բազմաթիվ էֆեկտների և հնարավորությունների հետ կապված: Մշտապես ակտիվ հանդես եկող Չորաթանում Ռեյը բացահայտեց իր նոր համագործակցին` Շողերին, ով պակաս տարված չէ ժամանակակից ֆոտոնկարչությամբ, ունի բազմաթիվ ֆոտոնկարներ, որոնք հավակնություն ունեն հրապարակվելու նորաստեղծ բլոգի միջոցով:
Հայրենի Վերին Կարմիրաղբյուրում բոլորն էլ ճանաչում են Ռեյին` ոչ որպես միայն ֆոտոնկարչի, այլ նաև` թարգմանչի ու ոսկերչի: Միայն մեկ հանդիպումը այս կրթօջախներում բավարար չէր փոխանցելու կրտսեր արվեստասերներին այն բոլոր շնորհները, հարուստ փորձն ու ավանդույթները, որոնք շնորհված են Ռեյին:  Հանդիպման ավարտին ածակերտները լահույս էին, որ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն նաև նոր` 2012 տարվա ընթացքում:


Tuesday, December 13, 2011

Փայտամշակության արվեստն ամենափոքր համայնքում ամենատարածվածն է...

Չինչինը Բերդի տարածաշրջանի ամենափոքր համայնքն է, որն առանձնանում է իր գեղեցիկ անտառներով ու բնապատկերներով: Հետաքրիր է, որ այս կամ այլ պատճառներով դպրոցի տղաները հատկապես տարված են փայտամշակությամբ: Ինչպես նշում է գյուղի միակ դպրոցի տնօրեն տիկին Ջուլհակյանը, աշակերտները դեռ մանկուց սկսում են փորել, տաշել փայտը, և այս նախասիրությունը գալիս է թե անտառից, թե նրանց հայրերից: Դպրոցի տնօրենը փորձում է ընդառաջել իր աշակերտների ցանկությանը` ստեղծել փայտամշակման փոքր արհեստանոց և հավաքագրել խմբակի անդամներին, միայն թե այս գաղափարի համար ցանկությունը բավարար պայման չէ. դպրոցը մոտ 100 տարեկան է, բայց դեռ հիմնովին երբևէ չի վերանորոգվել, առայժմ ֆինանսական սուղ միջոցները բավականացնում են միայն տանիքի վերանորոգմանը:
Աշակերտները հետաքրքրությամբ են թերթում <<Արվեստագետը Տավուշից>> բլոգը, որին միացած է իրենց համագյուղացի արվեստագետներից մեկը ևս: Նրանք նոր գաղափար ունեն` համապատասխան գիտելիքներ ստանալուց հետո ստեղծել փայտամշակությանն առնչվող նոր բլոգ և համատեղել օգտակարն ու հաճելին: