Ամենաշատ ընթերցվողները

Saturday, July 23, 2011

ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԵՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

<<Արվեստի լույսը. նոր հեռանկարներ>> ծրագրի շրջանակներում (իրականացնող` <<Բերդ Այ Թի>> հ/կ, ֆինանսական աջակից` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ) իրականացված ֆորումն առաջին հանդիպումն էր Բերդի տարածաշրջանի արվեստագետների` նկարիչների, քանդակագործների, կավագործների, փայտարվեստով զբաղվողների հետ: 
    Ֆորումի մասնակիցները հանդիպման սկզբին նշեցին արվեստի` երկար ժամանակ մոռացության մատնված լինելը սահմանամերձ, մայրաքաղաքային եռուզեռից կտրված այս անկյունում, որտեղ հոգսերն ու խնդիրներն ավելի շատ են, քան մշակութային իրադարձությունները, հետաքրքիր նախաձեռնություններն ու միջոցառումները: 
Նշենք, որ այս ծրագրի նպատակն է համախմբել Բերդի տարածաշրջանի արվեստագետներին,  նրանց համար անցկացնել թվային ֆոտոնկարչությանը, բլոգի կառավարմանն առնչվող դասընթաց, ինչը նրանց առաջին անգամ հնարավորություն կտա բլոգի միջոցով ներկայանալ ամբողջ աշխարհին` այս կերպ լուծում տալով  նաև իրենց համագործակցային դաշտի ստեղծման, ընդարձակման, ֆինանսական, ճանաչողական, գնահատման արժանանալու և այլ խնդիրների: Ծրագիրը նպատակ չունի սահմանափակվելու միայն բլոգին առնչվող գիտելիքների տրամադրմամբ. նախատեսվում է, որ դասընթացների ավարտից հետո  մասնակից արվեստագետները   կմասնակցեն ծրագրով նախատեսված մրցույթի, ապա կպատրաստվեն համահեղինակային ցուցահանդեսի: 
Եթե ծրագրի սկզբում  արվեստագետները որոշ մտավախություն ունեին` կապված ծրագրի արդյունավետության և օգտակարության հետ, ապա դասընթացների ժամանակ առաջացած ոգևորությունը վկայում է այն մասին, որ նրանք պատրաստ են, ավելին` ցանկանում են նոր եռանդով, նոր մտահղացումներով ներկայանալ աշխարհին: 




Անահիտ Բադալյան
<<Արվեստի լույսը. նոր հեռանկարներ>> 
ծրագրի համակարգող-դասընթացավար


No comments:

Post a Comment