Ամենաշատ ընթերցվողները

Tuesday, August 16, 2011

Բլոգի կառավարման դասընթացներն ավարտվեցին


Գարիկը, Ավետը, Ռեյը, Անուշը մտովի
արդեն ձևավորում են իրենց բլոգը...
Հաջորդ հանդիպումը, ինչպես և նախատեսված էր, Ֆորումին կազմավորված արվեստագետների  առանձին խմբերի հետ էր, ովքեր դասընթացին ծանոթացան այլընտրանքային լրատվության նոր ռեսուրսի` բլոգի ընձեռած հնարավորություններին, փորձեցին ինքնուրույն ձևավորել սեփական բլոգը, կառավարել այն, մեկնաբանել, մասնակցել օն-լայն քննարկումներին, որոնց առանցքը բլոգի միջոցով սեփական արվեստը ավելի լայն շրջանակներին ներկայացնելն էր:
Հայկը, Ռոմանը և Վարդանն արդեն միանում են
համընդհանուր բլոգին...
Դասընթացների հիմնական թեման բլոգն էր, որն ամենևին էլ վտանգավոր երևույթ չէ, ինչպես ավագ սերնդի շատ ներկայացուցիչների մեջ է արմատավորված, այլ պետք է օգնի մեր տարածաշրջանի արվեստագետներին` հավաքելու սեփական գործերը, թվայնացնելու դրանք, խմբավորելու առանձին բաժիններով, տեղադրելու սեփական բլոգում և հետևելու, թե ինչպես է հանրությունը արձագանքում նրանց:  Մասնակիցները դասընթացի ընթացքում նշեցին այն մի քանի կարևոր կողմերը, որոնք իրենց կարծիքով ամենաուշագրավն են ու օգտակարը. 
  • տարիների ընթացքում շատ գործեր վաճառվում են, նրանց մի մասը նվիրում են, հիանալի կլինի  ժամանակի ընթացքում ստեղծված գործերը թվայնացնել, մի տեղ հավաքել. նույնիսկ եթե գործերից մեկը հեղինակի կողքին չգտնվի էլ, բլոգը կպատմի այն բոլոր գործերի մասին, որոնք ստեղծվել են հեղինակի կողմից
  • բլոգի վիճակագրական բաժինը հնարավորություն կտա հաճախակի հետևել, թե որ երկրներից է բլոգը դիտվել, որքան է բլոգից օգտվողների թիվը, արդյոք այն ավելացել է, թե պակասել...
  • մեկնաբանություններ անելը նույնքան հետաքրքրական է, որքան դրանք կարդալը: Մեկնաբանությունները հատկապես կօգնեն սկսնակ, անփորձ արվեստագետներին, ովքեր էներգիայի մեծ պաշար ունեն, բայց լավ, օգտակար խորհրդի կարիք: Մեկնաբանությունը սոսկ գնահատական չէ` լավ կամ վատ, այն ընթերցողի խոսքն է, կարծիքը, դիտողությունն ու առաջարկը, որը երբեմն ավելի հետաքրքիր կարող է լինել, քան բուն նյութը, որը մեկնաբանվել է...
Սիրելի արվեստագետներ, եթե ինչ-ինչ խնդիրներ կառաջանան ձեր բլոգը կառավարելու հետ, ապա անպայման դիմեք "Արվեստի լույսը. նոր հեռանկարներ" ծրագրի աշխատակազմին: Օգտագործեք ժամանակն ու նոր տեխնոլոգիաները` հօգուտ ձեր արվեստի լույսի...

"Արվեստի լույսը. նոր հեռանկարներ" ծրագիր
 դասընթացավար-համակարգող Անահիտ Բադալյան


No comments:

Post a Comment